ChessFimee հայկական հավելվածը հաղթել է Armenian StartUp Cup մրցույթում: Այն 156 մասնակիցների շարքում ընդգրկվել էր Հայստանի 12 քաղաքներից ընտրված լավագույն 15 սթարթափերի շարքում և դարձել գավաթակիր:
Chessfimee-ի նպատակն է դյուրին դարձնել շախմատ սովորելու պրոցեսը: Այն նախատեսված է թե՛ սկսնակների և թե՛ արդեն պրոֆեսիոնալ շախմատիստների համար: Chessfimee-ն OCR (optical character recognition) տեխնոլոգիայի միջոցով սկանավորում ու թվայնացնում է շախմատային դիագրամները գրքերից ու ամսագրերից: Ինչպես նաև հնարավոր է հեռախոսի օգնությամբ նկարված դիագրամները սկանավորել LCD էկրաններից: Հավելվածը սկանավորումից հետո վերլուծում է դիրքը, նաև թույլ է տալիս սկանավորված տարբերակով խաղալ նկարահանված շախմատային նույն տախտակը: Այն ունի օգտատերերի բազա, որպեսզի նրանք կարողանան իրենց սկանավորած և վերլուծած խնդիրները պահպանել` ապագայում վերանայելու համար:
Chessfimee-ն Fimetech ընկերության ստեղծած հավելվածն է, որը հասանելի է Android համակարգում, iOS տարբերակը մշակման փուլում է: Թեև այն գործարկվել է այս տարվա ամռանը, բայց արդեն ունի 50 հազարից ավելի ներբեռնում և օգտատերերի լայն աշխարհագրություն՝ Գերմանիայից մինչև Հնդկաստան: Նշենք, որ թիմը համագործակցում է հայ պրոֆեսիոնալ շախմատիստների հետ, ովքեր օգնում են հավելվածը մշակելիս:
ItTrend-ի հետ զրույցում Fimetech ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանը նշեց, որ թիմը ոգևորված է, հաղթանակն անսպասելի էր. «Հաղթանակից բացի շատ կարևոր էր մասնակցության ընացքը, քանզի կարևոր խորհուրդներ ստացանք տարբեր բնագավառների մասնագետներից: Հիմա աշխատում ենք իրական տախտակի սկավորման վրա, որի նախադեպը չկա աշխարհում։ Այն իրենից ներկայացնում է 3D պատկերների մշակում: Զարգացնելով Chessfimee-ն՝ ցականում ենք ստեղծել նորարար ինժեներական լուծումներով հագեցած շախմատային լայն հարթակ»։
Chessfimee-ի համար սա առաջին ֆորմալ հաղթանակն էր, չնայած համոզված են, որ ապագայում շատ ավելի բարձրակարգ մրցույթներում կստանան մրցանակներ, սակայն այս պարգևը միշտ կմնա առաջինը։ Այժմ, ChessFimee-ի սթարթափը հնարավորություն ունի մասնակցելու World StartUp Cup մրցույթում:
Նունե Գրիգորյան