2015-ի ամենահետաքրքիր հեռուստացույցները

2015-ի ամենահետաքրքիր հեռուստացույցները

Ներկայացնում ենք այս տարի թողարկված ամենահետաքրքիր հեռուստացույցները, որոնք առանձնանում են և՛ դիզայնով, և՛ տեխնիկական պարամետրերով։

LG

Կորեայում ներկայացված LG Display-ը նորից հետաքրքրություն առաջացրեց OLED-տեխնոլոգիաների հանդեպ։ Հեռուստացույցի հաստությունը 0,97 մմ է, իսկ քաշը՝  1,9 կգ։ Էկրանն այնքան բարակ է, որ կարելի է ամրացնել պատի վրա մագնիսային տակդիրի միջոցով։ Նորույթի մասին այլ տվյալներ հայտնի չեն։

Նման օրգանական էկրանների տարբերությունը հեղուկ բյուրեղայիններից էներգախնայողությունն է։ Ի տարբերություն հեղուկ բյուրեղայինների՝ օրագանականների դեպքում կարիք չկա ապահովել առանձին լուսավորություն, քանի որ դրանք իրենք իրենց լուսավորվում են։ Սա թույլ է տալիս էկրաններին շատ բարակ, թեթև ու ճկուն լինել։

OLED-ի բացասական կողմերն են պատրաստման բարդությունը, բարձր ինքնարժեքը, արտադրման տեխնոլոգիայի ոչ կատարյալ լինելը, ինչի պատճառով գործարանում խոտանված հեռուստացույցների թիվը շատ մեծ տոկոս է կազմում։ Բացի այդ՝ բիզնեսի տեսանկյունից հեղուկ բյուրեղյա 4K-հեռուստացույցներն ավելի գրավիչ են։ IHS վերլուծական ընկերության տվյալներով՝ 2020-ին 4K-էկրանների շուկան կգնահատվի $52 միլիարդ կամ հինգ անգամ ավելի, քան այժմ է։

Sony

X900C

Sony ընկերությունն առաջինն է հեղուկ բյուրեղային էկրաններում ներդրել լուսավորության տեխնոլոգիա, որտեղ լույսի աղբյուր են հանդիսանում քվանտային կետերը՝ շատ փոքր կիսահաղորդիչներ, որոնք զգալիորեն մեծացնում են հեռուստացույցի գունային գամման։ Այս մեթոդն ընկերությունը կոչել է Triluminos։ Այս տեխնոլոգիայով համալրված է X850C մոդելը, որի վաճառքը մեկնարկել է այս ամիս (55″՝ 2200 դոլար,  65″՝ 3500 դոլար, 75″՝ $5 հազար դոլար)։ Գները OLED-մոդելներից շատ ավելի մատչելի են։ Ընկերությունը պատրաստվում է նաև ամռանը ներկայացնել X900C մոդելը, որն ունի 4,6 մմ հաստություն։

Samsung

Samsung ընկերության JS9500, JS9000 և JS8500 մոդելների անկյունագիծը տատանվում է 48–88 դյույմի սահմաններում։ Յուրաքանչյուր մոդել ներդրված շարժիչ ունի, որը մշակում է ցանկացած պատկեր՝ անկախ դրա որակից։ Իսկ կիսահաղորդիչների շնորհիվ գույները 64 անգամ ավելի արտահայտիչ են դառնում, քան սովորական հեռուստացույցների դեպքում է։

Samsung-ն առանձնանում է նաև իր հեռուստացույցների ծրագրային ապահովմամբ։ Ընկերությունը CES-ին հայտարարեց, որ այսուհետ իր խելացի հեռուստացույցները կաշխատեն Tizen օպերացիոն համակարգով։

Tizen-ով աշխատող մոդելները բավական թանկ արժեն․ օրինակ՝ 65-դյույմանոց JS9500 մոդելը կարելի է գնել $5,5 հազար դոլարով։ Ամենամատչելի մոդելը JS8500 է՝ 4K էկրանով և 55″ անկյունագծով, և արժե $2,5 հազար։

Panasonic

Եթե Sony-ն գերադասել է Android TV-ն, իսկ Samsung-ը՝ Tizen-ը, ապա Panasonic-ն ընտրել է Firefox OS-ի հիման վրա մշակված Home Screen 2.0 ինտերֆեյսը։ Սմարթֆոնի Firefox դիտարկչի միջոցով հնարավոր է հեռարձակել բովանդակությունը հեռուստացույցի էկրանին, եթե երկու սարքն էլ օգտագործում են նույն wi-fi-ը։

Եվրոպայում Firefox-հեռուստացույցների վաճառքը մեկնարկել է նախորդ շաբաթ (CR850, CR730, CX800, CX750, CX700, CX680 մոդելներ): Գները կախված են տարածաշրջանից։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, CX700 մոդելն արժե մոտ $1600։

Sharp

Հունվարին կայացած CES ցուցահանդեսին ուշադրության արժանի մոդել ցուցադրեց Sharp ընկերությունը։ Ի տարբերություն մրցակիցների` ընկերությունը կենտրոնացել է որակի և ոչ թե կետերի քանակի վրա։ Beyond 4K Ultra HD TV և Quattron տեխնոլոգիաները սուբպիկսելների թիվը հասցնում են մինչև 66 միլիոնի, մինչդեռ սովորական 4K UHD-հեռուստացույցներում այս թիվը 42 միլիոն է։

AQUOS շարքում ներառվել են ինչպես թանկարժեք (LC70UH30, 70″՝ $3200), այնպես էլ մատչելի մոդելներ (LC43UB30U, 43″՝ $750 կամ LC50UB30, 50″՝ $1000): Թույլատրությունը կազմում է 3850х2160 պիկսել։

Haier

Ամենավերջում կներկայացնենք համեմատաբար քիչ հայտնի Haier բրենդը, որը CES ցուցահանդեսին ներկայացրեց 105 դյույմանոց էկրան՝ Ultra HD թույլատրությամբ (5120х2160):

Haier-ի «խելացի» 105Q8000 մոդելն աշխատում է ընկերության սեփական դիտարկչով, ունի Wi-Fi, HDMI 1.4 և 2.0 մոդուլներ, երկու USB-մուտքեր, 3D-տեխնոլոգիա։

Աղբյուրները՝ CNET, Yonhap, TechHive, Pocket-lint, Forbes, Recombu, The Verge