Doogee Keeper խելացի ժամացույցը կստանա GPS մոդուլ, 3G մոդեմ, տեսախցիկ և այլ նորամուծություններ

Doogee չինական ընկերությունը, որը վերջին ժամանակներում մեծ թափով սկսել է գրավել բջջայինների շուկան, շուտով կթողարկի իր առաջին խելացի ժամացույցները:

Keeper անվանումը կրող սարքի շնորհանդեսը կլինի այս տարվա օգոստոսին: Սարքի գնի մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն GizmoChina պարբերականը նկար է հրապարակել, որում մանրամասն նկարագրված են Doogee Keeper-ի ֆունկցիաները:

Արդեն ավանդույթ է դառնում այն, որ նմանօրինակ չինական սարքերը հագեցած են ժամանակակից հնարավոր բոլոր տեխնոլոգիական հնարավորություններով: Սարքի հնարավորությունների ցուցակում են սենսորային էկրանը, բարձրախոսը, միկրոֆոնը, SIM-քարտի հնարավորությունը, Wi-Fi և Bluetooth ընդունիչները, ալյումինե իրանը, GPS, 5 ՄՊ տեսախցիկը և սրտի աշխատանքի արագության ցուցիչը:

Հատուկ նշվում է, որ Keeper-ն անջրանցիկ է (IP68) և կունենա 600 մԱ/Ժ համեմատաբար հզոր մարտկոց, 512 ՄԲ օպերատիվ և 4 ԳԲ ներքին հիշողություն:

Դժվար չէ կռահել, որ մենք ականատեսն ենք ինքնատիպ միկրո-սմարթֆոնի ծննդի, որը համարյա բոլոր պարամետրերով գերազանցում է շուկայում առկա նույն մակարդակի սարքերին:

Աղբյուրը` GizmoChina