Tesla-ի մրցակից Faraday խորհրդավոր ստարտափը 1 մլրդ դոլար է ներգրավել

Tesla-ի մրցակից Faraday խորհրդավոր ստարտափը 1 մլրդ դոլար է ներգրավել

Կալիֆորնիական Faraday Future (FF) ընկերությունը, որը հիմնադրվել է ընդամենը 18 ամիս առաջ, նպատակ է դրել ԱՄՆ-ում կառուցել գործարան ու 2017-ին շուկա բաց թողել էլեկտրամեքենաներ։ Ընկերությանն արդեն հաջողվել է ներգրավել 1 միլիարդ դոլարի ներդրում։ Թե ովքեր են ներդրողները, առայժմ գաղտնի է պահվում։

Faraday Future-ի գրասենյակը գտնվում է Գարդենա քաղաքում՝ Nissan ընկերության մշակումների ու դիզայնի նախկին շենքում։ Ընկերությունն ունի արդեն 400 աշխատակից, ովքեր նախկինում հիմնականում աշխատել են Tesla, BMW և General Motors ընկերություններում։ Ամենահայտնի աշխատակիցներից է Tesla-ի արտադրության գծով նախկին ղեկավար Դագ Ռեկորնն ու BMW-ի i3 և i8 կոնցեպտ մոդելների նախկին դիզայներ Ռիչարդ Քիմը։

FF-ը ծրագրում է երկու տարվա ընթացքում պատրաստել սեփական էլեկտրամեքենան․ համեմատության համար նշենք, որ Tesla-ն սկսեց մշակել առաջին մոդելը 2003-ին, իսկ թողարկեց միայն 2008-ին։

The Next Web-ը գրում է, որ շատ հնարավոր է ներդրումների հետևում կանգնած լինի Apple-ը, որը ևս «կասկածվում» է էլեկտրամեքենա մշակելու մեջ։

Աղբյուրը՝ CNET, The New York Post, The Wall Street Journal