Tesla-ն սկսել է Model 3 էլեկտրամեքենայի վաճառքը

Tesla ընկերությունն սկսել է Model 3 բյուջետային էլեկտրամեքենայի վաճառքը: Էլոն Մասկը Կալիֆոռնիայի գործարանում գնորդներին է փոխանցել առաջին 30 մեքենան: Արժեքը 35 000 դոլար է, որը 2-3 անգամ էժան է ընկերության նախկին Model S և X-ից:

Նշենք, որ Tesla-ն ստացել է արդեն նոր մոդելի ավելի քան կես միլիոն նախնական պատվեր: Մեկ լիցքավորմամբ Model 3-ը կկարողանա անցնել գրեթե 340 կմ ճանապարհ, իսկ այն լիցքավորելու համար վարորդները կարող են օգտվել Supercharger լիցքավորման կայաններից: Հավելյալ 9 000 դոլարի դիմաց կարելի է ստանալ ավելի հզոր մարտկոց, որը կբավարարի 499 կիլոմետրի համար:

100 կմ/ժ արագություն ավտոմեքենան զարգացնում է ընդամենը 6 վայրկյանում: Ավտոմեքենայի դիմացի և ետևի մասերում գտնվում են բեռնախցիկներ, քանի որ այն չունի ավանդական ներքին այրման շարժիչ:

Էլեկտրամեքենայի մեջ կարող են շատ հանգիստ տեղավորվել մինչև 5 ուղևոր: Մեծ ուշադրության է արժանացել նաև ավտոմեքենայի անվտանգությունը:

Tesla ընկերությունը մտադիր է 2017 թվականի օգոստոսին արտադրել Model 3-ի 100 ավտոմեքենա, սեպտեմբերին՝ ևս 1500-ը, իսկ դեկտեմբերին հասնել ամսական 20 հազար ավտոմեքենայի արտադրության: