Հայկական «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում

Հայկական «Արմաթ» լաբորատորիաների ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում

Փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկել է ՏՏ համաշխարհային համաժողովը (WCIT): Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) պատվիրակությունը, որը մասնակցում է WCIT 2018-ին և մի քանի օրից կվերցնի էստաֆետը՝ 2019–ին այն Հայաստանում անցկացնելու համար, ուրախությամբ կիսվում է իր նորություններով ու գործարար հաջողություններով:

ԻՏՁՄ-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջև կնքվել է համագործակցության հուշագիր, ըստ որի հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։

ԻՏՁՄ ղեկավարները և ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատրյանը մասնակցել են WCIT 2018-ի պաշտոնական ճաշին, որի ընթացքում Ա. Խաչատրյանը ողջունել է ներկաներին եւ հրավիրել Հայաստան WCIT 2019-ին մասնակցելու նպատակով:

ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է որպես WITSA  Տնօրենների Խորհրդի անդամ: Ա. Եսայանը ներկայացրել է Հայաստանում անցկացվելիք WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Համագործակցության եզրեր են ձեւավորվել նաև ASOCIO-ի (The Asian-Oceanian Computing Industry Organization) հետ, որը Ճապոնիայում հիմնադրված կազմակերպություն է և ներառում է ՏՀՏ ու բիզնես ոլորտի 24 երկրների կազմակերպություններ: 2019-ին վերջիններս նույնպես կժամանեն Հայաստան:

 Նշենք, որ WCIT-ը բիզնես հաղորդակցությունների և գործարքների միջազգային հարթակ է 2000-ից ավելի գործարարների, նորարարների, պետական ներկայացուցիչների, վերազգային կազմակերպությունների, ներդրողների և նշանավոր գիտնականների համար: Համաժողովի ներկայացուցիչները քննարկում են ոլորտի զարգացման ուղղություններն ու մարտահրավերները, B2B հանդիպումներ անցկացնում: